ԱՄՆ-ն Վենեսուելայի համար նախատեսում է երեք քայլից բաղկացած ծրագիր, որը կսկսվի երկրում իրավիճակի կայունացումից, այնուհետև տեղի կունենա երկրի վերականգնում և վերջում՝ իշխանության փոխանցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողների հետ զրույցում, որի սղագրությունը տարածել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Ռուբիոն նշել է, որ առաջին քայլը Վենեսուելայի կայունացումն է:
«Մենք չենք ցանկանում, որ երկրում քաոս առաջանա», - ասել է նա Վենեսուելայի թեմայով սենատորների հետ հանդիպումից հետո:
Ռուբիոն նաև նշել է, որ ԱՄՆ-ն իր ամենաուժեղ լծակն է համարում նավթային սահմանափակումները: Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնը 30-ից 50 միլիոն բարել վենեսուելական նաթ կվերցնի և այն կվաճառի շուկայական գնով: Այդ գումարը, ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, կբաշխվի այնպես, որ օգուտ բերի վենեսուելացիներին:
«Երկրորդ փուլը կլինի այն փուլը, որը մենք անվանում ենք վերականգնում, և դա նշանակում է ապահովել, որ ամերիկյան, արևմտյան և այլ ընկերությունները մուտք ունենան վենեսուելական շուկա այնպես, որ դա լինի արդարացի։ Միևնույն ժամանակ, (խմբ.՝ նախատեսվում է) սկսել Վենեսուելայի ներսում ազգային մակարդակով հաշտեցման գործընթաց, որպեսզի ընդդիմադիր ուժերը կարողանան համաներմամբ ազատ արձակվել և բանտերից դուրս գալ կամ վերադարձվել երկիր, և սկսվի քաղաքացիական հասարակության վերակառուցումը», - հավելել է Ռուբիոն:
Երրորդ փուլում, ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, արդեն տեղի կունենա իշխանության փոխանցում:
Հունվարի 3-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը Կարակասում հատուկ գործողության ընթացքում ձերբակալելուց և ԱՄՆ տեղափոխելուց հետո Վաշինգտոնը դեռ շարունակում է շրջափակման մեջ պահել պատժամիջոցների տակ գտնվող վենեսուելական լցանավերը: Հունվարի 7-ին ԱՄՆ-ն կալանել է Ատլանտյան օվկիանոսում ռուսական դրոշի ներքո նավարկող և Վենեսուելայի հետ կապված «Մարիներա» լցանավը:



