
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 12-ին ասել է, որ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները քննարկել են, թե «ինչպիսի տեսք է ունենալու բանակցային գործընթացը», ինչպես նաեւ «խոսել են տարածքային զիջումների մասին»: Նրա խոսքերը մեջբերում է The Guardian թերթը։
Պետքարտուղարն ասել է, որ մարտի 12-ին Միացյալ Նահանգները «շփվելու է ռուսների հետ»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հույս ունի դրական պատասխան ստանալ Ռուսաստանից եւ «խստորեն կոչ է անում ռուսներին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»։
«Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է Ռուբիոն։
ԱՄՆ-ը և Ուկրաինան մարտի 11-ին բանակցություններ են վարել Ջիդայում, որի ընթացքում Կիևի ներկայացուցիչները համաձայնել են 30-օրյա հրադադար մտցնելու Վաշինգտոնի առաջարկին։ ՌԴ կառավարությունում Reuters-ի աղբյուրների համաձայն՝ Կրեմլը դժվար թե համաձայնի ժամանակավոր հրադադարի։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը «ուշադիր ուսումնասիրում է» ամերիկա-ուկրաինական բանակցություններից հետո արված հայտարարությունները։