ԱՄՆ-ն ու Ուկրաինան հուշագիր են ստորագրել օգտա...

Ուկրաինան և Միացյալ Նահանգները հուշագիր են ստորագրել երկու երկրների համար շահավետ համաձայնագրի վերջնականացման ու ստորագրման մտադրության մասին, հաղորդել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։

«Այսօր մենք քայլ արեցինք Միացյալ Նահանգների հետ համատեղ Տնտեսական գործընկերության համաձայնագրի ուղղությամբ: Ստորագրված հուշագիրը վկայում է մեր թիմերի կառուցողական աշխատանքի և մտադրության մասին՝ ավարտին հասցնելու և կնքելու համաձայնագիր, որը ձեռնտու կլինի մեր երկու ժողովուրդներին: Պատրաստվում ենք Ուկրաինայի վերականգնման և ներդրումների հիմնադրամի ստեղծմանը։ Համապատասխան համաձայնագիրը հնարավորություններ կբացի Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև զգալի ներդրումների, ենթակառուցվածքների արդիականացման և փոխշահավետ գործընկերության համար. սա է այն նպատակը, որով թիմերն աշխատում են փաստաթղթի վրա»,- ասել է նա։

Նախարարի խոսքով՝ այս փաստաթղթով կողմերը «վերահաստատել են ամերիկացի ժողովրդի ձգտումը՝ ուկրաինացիների հետ միասին ներդրում ունենալ ազատ, ինքնիշխան ու անվտանգ Ուկրաինայի կառուցման համար»։

Առջևում սպասվում է համաձայնագրի տեքստի վերջնականացումը, ստորագրումն ու վավերացումը խորհրդարանների կողմից։