ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ աշխարհի միջուկային զինանոցները կրճատելու համար: Այս մասին լրագրող Մեգին Քելիին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Մենք կաշխատենք Չինաստանի, Ռուսաստանի և ցանկացած այլ երկրի հետ, լինի դա բարեկամական, թե մրցակից երկիր, որպեսզի փորձենք կրճատել աշխարհում միջուկային զենքի քանակը», - ասել է նա։
Վենսի խոսքով՝ սա ամենակարևոր բանն է, որ կարելի է անել խաղաղության և կայունության համար։
ԱՄՆ փոխնախագահը նաև մտահոգություն է հայտնել միջուկային զենքի տարածման վերաբերյալ, եթե Իրանը նման զենք մշակի։ Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությունները, որ Իրանը միջուկային զենք չպետք է մշակի:
«Եթե Իրանը միջուկային զենք ստանա, գիտե՞ք, թե հաջորդը ով կստանա միջուկային զենք՝ Սաուդյան Արաբիան։ Եվ հետո՝ Պարսից ծոցի մեկ այլ արաբական պետություն։ Դա կհանգեցնի միջուկային զենքի տարածման համաշխարհային մասշտաբով», - ասել է Վենսը։
Նա հավելել է, որ Դոնալդ Թրամփը կփորձի բանակցել Իրանի հետ խաղաղ կարգավորման շուրջ։ Վենսի խոսքով՝ եթե մնացած ամեն ինչ ձախողվի, և միակ տարբերակը մնա ուժի կիրառումը, ապա ԱՄՆ նախագահն, ի վերջո, կընտրի այդ տարբերակը:
Իրանը և ԱՄՆ-ն փետրվարի 6-ին Օմանում նախատեսում են բանակցություններ անցկացնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Միևնույն ժամանակ, փետրվարի 5-ին լրացել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի ժամկետը։ Պայմանգիրը կնքվել էր 2010 թվականին, իսկ 2021 թվականին երկարաձգվել էր հինգ տարի ժամկետով՝ մինչև 2026 թվականը:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ կողմերն այլևս կապված չեն պայմանագրի շրջանակում որևէ պարտավորությամբ: Միևնույն ժամանակ, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, Մոսկվան մտադիր է գործել պատասխանատու և կշռադատված կերպով և իր գործողություններն այս ոլորտում կառուցել՝ վերլուծելով ԱՄՆ-ի քաղաքականությունը և ռազմավարական ոլորտում ընդհանուր իրավիճակը:



