ԱՄՆ-ն շարունակում է նավթի պաշարներ հանել ռազմ...

ԱՄՆ-ն շարունակում է արագորեն նավթի պաշարներ հանել ռազմավարական նավթային պահուստից (SPR)՝ ձգտելով մեղմել Իրանի հետ պատերազմի հետևանքով առաջացած մատակարարումների ճգնաժամը: Այս մասին հաղորդում է CNN-ը։

Հեռուստաալիքը նշում է, որ, ԱՄՆ էներգետիկայի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ միայն անցած շաբաթ ռազմավարական նավթային պահուստը կորցրել է ևս 8 միլիոն բարել նավթ։ Դրանից մեկ շաբաթ առաջ դուրս է բերվել 9,1 միլիոն բարել նավթ։ SPR-ում կա 357,1 միլիոն բարել նավթ, սակայն սա, դաշնային տվյալների համաձայն, ամենափոքր ծավալն է 2024 թ. հունվարից ի վեր։

«Դուրսբերման ներկայիս տեմպերով պահուստային պաշարները մինչև հաջորդ շաբաթվա վերջ կպակասեն՝ հասնելով նվազագույնից էլ ցածր մակարդակի, որը գրանցվել էր Ջո Բայդենի վարչակազմի օրոք», - X սոցցանցում գրել է Bloomberg գործակալության էներգետիկայի և հումքային ապրանքների հարցերով տեսաբան Խավիեր Բլասը։

Իրանի հետ ռազմական հակամարտության սկսվելուց ի վեր Միացյալ Նահանգները պահուստից դուրս է բերել մոտավորապես 58 միլիոն բարել նավթ կամ 14%-ը։ Սրա հետևանքով նավթի պահուստային համակարգն աստիճանաբար կորցնում է մատակարարումների հետ կապված խնդիրների փոխհատուցման համար հնարավորությունները, նշում է հեռուստաալիքը։