ՆԱՏՕ-ի զորավարժություններին նախապատրաստվելու համար Նիդեռլանդներից Գրենլանդիա ուղարկված երկու սպաներն ավարտել են իրենց առաքելությունը և հունվարի 19-ին կլքեն կղզին։ Այս մասին հայտնել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։
«Նիդեռլանդների ռազմածովային ուժերի երկու սպաներ ավարտել են իրենց առաքելությունը Գրենլանդիայում՝ համատեղ զորավարժություններին նախապատրաստվելու համար։ Նրանք այսօր պետք է լքեն Գրենլանդիան», - գրել է նա X-ում։ Բրեկելմանսի խոսքով՝ կղզում զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։
Սպաները Գրենլանդիա էին ժամանել հունվարի 16-ին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 17-ին TruthSocial սոցիալական ցանցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կսկսի 10% ներմուծման մաքսատուրք գանձել Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Դանիայից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից և Շվեդիայից։ Մաքսատուրքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ գործարք չի կնքվել ԱՄՆ կողմից Գրենլանդիայի ամբողջական գնման վերաբերյալ։ Իսկ հունիսի 1-ին այն կբարձրանա մինչև 25 տոկոս։
Ամերիկյան վարչակազմի ղեկավարը քննադատել էր Եվրոպայի՝ Գրենլանդիա իր ուժերը ուղարկելու մտադրությունը՝ այն անվանելով «շատ վտանգավոր խաղ»։



