ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիմել է Կոնգրեսին՝ Իսրայելին մոտ 1 միլիարդ դոլարի զենքի և ռազմական տեխնիկայի նոր մատակարարումներին հավանություն տալու խնդրանքով: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով վաճառքի մասին իրազեկ ԱՄՆ պաշտոնյաներին։
Գործարքի շրջանակներում ենթադրվում է ավելի քան 700 միլիոն դոլարի 4700 հատ 450 կգ-անոց ավիառումբերի, ինչպես նաև Caterpillar ընկերության՝ ավելի քան 300 միլիոն դոլարի զրահապատ բուլդոզերների վաճառք:
Զենքի նոր մատակարարումների ծախսերն Իսրայելը կհոգա ԱՄՆ-ի ամենամյա ռազմական օգնության հաշվին, որը կազմում է միլիարդավոր դոլար:
Գործարքի շուրջ բանակցությունները համընկնում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Վաշինգտոն կատարելիք այցի հետ: Փետրվարի 4-ին նա պետք է հանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու հրադադարը Գազայի հատվածում և Լիբանանում, ինչպես նաև ընդհանուր իրադրությունը Մերձավոր Արևելքում։
Շաբաթներ առաջ Դոնալդ Թրամփը չեղարկել էր իր նախորդ Ջո Բայդենի կողմից Իսրայելին 2000 ֆունտ կշռող ռումբերի մատակարարման դադարեցումը։
Իսրայելական կողմը, ըստ WSJ-ի տվյալների, կձգտի Թրամփից հասնել Բայդենի վարչակազմի կողմից հաստատված սպառազինությունների ևս մեկ փաթեթի մատակարարման արագացման: