
ԱՄՆ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների մասին. «Վնասները շատ լուրջ են, դրանք ոչնչացված են»։ Իհարկե, ոչնչացված են, ինչպես ես ասել եմ, և մենք դա կրկին կանենք անհրաժեշտության դեպքում», - գրել է Թրամփը Truth Social հարթակում։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ CNN-ը պետք է «անմիջապես ազատի կեղծ լուրեր տարածող իր լրագրողին» և «ներողություն խնդրի» իրենից և այն օդաչուներից, որոնք «ոչնչացրել են Իրանի միջուկային օբյեկտները»։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Fox News-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ ԱՄՆ հարվածի հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները «լրջորեն վնասվել են»։
«Վնասի չափը ներկայումս գնահատվում է…. Բայց որքանով ես գիտեմ, դրանք լրջորեն վնասված են», - ասել էր Արաղչին։
Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածել է Իրանում գտնվող երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում։
Ավելի ուշ CNN-ը հաղորդեց, որ ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության նախնական գնահատականի համաձայն՝ ամերիկյան հարվածները չեն կարողացել վերացնել իրանական միջուկային ծրագրի հիմքերը։ Իսկ The New York Times-ը գրել էր, որ հարվածների հետևանքով Իրանի միջուկային ծրագիրը հետ է ընկել վեց ամսից էլ պակաս ժամանակով։
Թրամփն այս հաղորդագրությունները կեղծ է անվանել և մեղադրել լրատվամիջոցներին «պատմության մեջ ամենահաջողված ռազմական հարվածներից մեկը թերագնահատելու փորձերի մեջ»։