ԱՄՆ-ն Մյունխենի անվտանգության համաժողովում Ուկրաինայի համար խաղաղության ծրագիր չի ներկայացնի. Այս մասին Newsmax-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։ Նա նշել է, որ մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե ինքը խաղաղության ծրագիր է ներկայացնելու փետրվարի 14-16-ը Մյունխենի համաժողովում, իրականությանը չի համապատասխանում: Նա նաև ասել է, որ հաջորդ շաբաթ պլանը չի հայտարարվի։
«Խաղաղության ծրագիրը կներկայացնի ոչ թե Քիթ Քելլոգը, այլ ԱՄՆ նախագահը։ Մենք կօգնենք նրան պատրաստվել, բայց դա տեղի չի ունենա հաջորդ շաբաթ»,- ասել է Քելլոգը։ Նա հավելել է, որ նախքան ծրագրի հրապարակումը պետք է մի շարք բանակցություններ վարել։
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը Մյունխենի անվտանգության կոնֆերանսում կներկայացնի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու ծրագիր, և այդ ծրագիրը կներկայացնի Քիթ Քելլոգը։