Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է Արևմտյան կիսագնդում թմրամաքսանենգների դեմ «Հարավային նիզակ» գործողության մեկնարկի մասին։ Այս մասին Հեգսեթը գրառում է կատարել X սոցիալական ցանցում։
«Նախագահ Թրամփը հրաման է տվել գործել, և Պատերազմի նախարարությունը կատարում է այն։ Այսօր ես հայտարարում եմ «Հարավային նիզակ» գործողության մասին», - նշել է Հեգսեթը գրառման մեջ։
«Այս առաքելությունը, որը գլխավորում են «Հարավային նիզակ» համատեղ աշխատանքային խումբը և ԱՄՆ Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM), պաշտպանում է մեր հայրենիքը, մեր կիսագնդից դուրս է մղում թմրաահաբեկիչներին և մեր հայրենիքը պաշտպանում է թմրանյութերից, որոնք սպանում են մեր ժողովրդին։ Արևմտյան կիսագունդը Ամերիկայի հարևանությամբ է, և մենք այն կպաշտպանենք», - հավելել է Պենտագոնի ղեկավարը։
Ավելի վաղ CBS News-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ամերիկացի հրամանատարները նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել են Վենեսուելայի դեմ հնարավոր ռազմական գործողությունների վերանայված ծրագրեր։
CNN հեռուստաալիքն օրերս հաշվարկել էր, որ ԱՄՆ զինվորականները վերջին ամիսներին ոչնչացրել են առնվազն 18 փոքր նավ՝ թմրամաքսանենգության դեմ պայքարի շրջանակում, ինչի հետևանքով զոհվել է 70 մարդ:



