Պենտագոնի արտահոսած փաստաթղթերը բացահայտում են Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների միջև զգայուն մի խոսակցություն, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինային զենքեր ուղարկելու հարցը: BBC-ի տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն լրտեսում էր իր երկարամյա դաշնակից Հարավային Կորեային:
Օրեր առաջ արտահոսած փաստաթղթերը տեղեկություններ էին պարունակում Ուկրաինայում ընթացող պատերազմի, Չինաստանի և ԱՄՆ-ի դաշնակիցների վերաբերյալ:
BBC-ի տրամադրության տակ հայտնված տվյալ փաստաթուղթը, ըստ լրատվամիջոցի, կարող է վնասել Հարավային Կորեայի հարաբերություններն ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ:
Հարավային Կորեան հայտնել է, որ հետաքննում է արտահոսքը, սակայն պնդում է, որ անհնար է գաղտնալսել մասնավոր խոսակցությունները նախագահական գրասենյակում, և որ այս քննարկումը չէր կարող տեղի ունենալ մասնավոր ստորգետնյա բունկերում:
Վաշինգտոնն իր հերթին փորձում է գտնել արտահոսքի աղբյուրը, որն, ըստ Պենտագոնի, լուրջ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար:
Ըստ BBC-ի՝ Վաշինգտոնը պնդում էր, որ Սեուլը զինի Կիևին, սակայն Սեուլն ընդդիմանում էր: Ըստ փաստաթղթի՝ Հարավային Կորեայում կարծիքները կիսվում էին Ուկրաինային զենք վաճառել կամ չվաճառելու առումով:



