ԱՄՆ-ն Լիբանանից պահանջում է զինաթափել «Հեզբոլ...

ԱՄՆ-ն պահանջում է, որ Լիբանանը պաշտոնապես պետք է զինաթափի շիական «Հեզբոլլահ» շարժումը՝ Իսրայելի գործողությունը դադարեցնելու և Արաբական Հանրապետության տարածքից իր ուժերը դուրս բերելու վերաբերյալ բանակցությունները վերսկսելու համար, հաղորդում է Reuters-ը։

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները այլևս մտադիր չէ Մերձավոր Արևելքի հարցերով իր հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքին ուղարկել Բեյրութ՝ առանց Լիբանանի կառավարության համապատասխան բանաձևի։ Բացի այդ, Միացյալ Նահանգները ճնշում չի գործադրի Իսրայելի վրա՝ ավիահարվածները դադարեցնելու կամ իր ստորաբաժանումները հարավային Լիբանանից դուրս բերելու համար։

«ԱՄՆ-ն ասում է, որ Բարրաքը այլևս այց չի կատարի, ոչ մի փաստաթղթային փոխանակում չի լինի․ նախարարների խորհուրդը պետք է որոշում կայացնի և միայն այդ դեպքում մենք կշարունակենք քննարկումները», – Reuters-ին հայտնել է Լիբանանի մի աղբյուր։ Գործակալության տվյալներով՝ ամերիկյան աճող ճնշումը մտահոգություն է առաջացնում Լիբանանի ղեկավարության շրջանում, քանի որ, եթե վերջինս հրաժարվի ստանձնել «Հեզբոլլահ»-ի զինաթափման պարտավորությունը՝ Իսրայելը կարող է ուժեղացնել հարվածները, այդ թվում՝ Լիբանանի մայրաքաղաքի ուղղությամբ։ Նշվում է, որ այս կապակցությամբ Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը նախատեսում է մոտ ժամանակներում հրավիրել կառավարության նիստ։

Հունիսի 19-ին Բեյրութ կատարած այցի ընթացքում ամերիկյան բանագնաց Թոմ Բարրաքը առաջարկել է մշակել ժամանակացույց, ըստ որի «Հեզբոլլահ» շարժման ստորաբաժանումները մինչև այս տարվա նոյեմբերը պետք է իրենց զենքերը փոխանցեն Լիբանանի բանակին։ Հուլիսի 20-ին Բարրաքը հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահի հետ, ով նրան գրավոր պատասխան փոխանցել է ԱՄՆ-ի կողմից ներկայացված լիբանանա-իսրայելական խաղաղ կարգավորման առաջարկների վերաբերյալ։ Պատասխանում հաստատվել է Լիբանանի կառավարության ցանկությունը, որով պետք է վերականգնել երկրի բոլոր սահմանների վերահսկողությունը և զենքը կենտրոնացնել միայն Լիբանանի բանակի ձեռքում։ Բարաքը հետագայում հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ միջամտել «Հեզբոլլահի» ապագային առնչվող հարցերին, քանի որ Վաշինգտոնը այն դեռևս ահաբեկչական կազմակերպություն է համարում և ընդգծել է, որ Վաշինգտոնը «մտադիր չէ որևէ ճնշում գործադրել Իսրայելի վրա»՝ իր ստորաբաժանումները Լիբանանից դուրս բերելու համար։ Ինչպես հայտնում են Al Arabiya հեռուստաալիքի աղբյուրները՝ «Հեզբոլլահը» մերժել է իր ստորաբաժանումների զինաթափման և զենքը կառավարական ուժերին հանձնելու հնարավորությունը՝ նույնիսկ Լիբանանի տարածքից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերման դեպքում։