ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կվերցնի» Գազայի հատվածը, հնարավոր է ամերիկյան զորքերի օգնությամբ, մինչդեռ այնտեղ ապրող պաղեստինցիները պետք է հեռանան. այս մասին գրում է CNN-ը՝ նկատելով, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը կարող է գուժել ավելի քան մեկ միլիոն բնակչության հետագա տեղահանումը:
«ԱՄՆ-ն կվերցնի Գազայի հատվածը, և մենք կաշխատենք դրա հետ», - ասել է Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Այն մերը կլինի և մենք պատասխանատու կլինենք տեղում բոլոր վտանգավոր չպայթած ռումբերի և այլ զենքերի վնասազերծման համար, տարածքը մաքրելու և ավերված շենքերից ազատվելու համար... Մենք պատրաստվում ենք զարգացնել այն», - հավելել է ԱՄՆ նախագահը:
Հարցին, թե արդյոք նա պատրաստ է ամերիկյան զորքեր ուղարկել Գազայում անվտանգության վակուումը լրացնելու համար, Թրամփն ասել է.«Ինչ վերաբերում է Գազային, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է: Եթե անհրաժեշտ լինի, մենք դա կանենք»:
Ըստ ԱՄՆ նախագահի՝ սա կարող է կայունություն ստեղծել Մերձավոր Արևելքում: Նա նշել է, որ Գազան կարող է դառնալ «Մերձավոր Արևելքի Ռիվիերան», որտեղ «աշխարհի մարդիկ» կարող են ապրել։
«Սա թեթև որոշում չէր։ Բոլորը, ում հետ խոսել եմ, հավանում են այն գաղափարը, որ Միացյալ Նահանգները լինի այդ հողակտորի սեփականատերը, հազարավոր աշխատատեղեր ստեղծելու գաղափարը հիանալի կլինի», - հավելել է նա:
Թրամփը ենթադրել է, որ ապագա Գազայում պաղեստինցիները մեծամասնություն չեն լինի:
«Ես չեմ կարծում, որ մարդիկ պետք է վերադառնան Գազա... Գազան նրանց համար շատ անհաջող վայր է եղել։ Նրանք ապրում են դժոխքի մեջ... Գազան մարդկանց ապրելու վայր չէ, և միակ պատճառը, որ նրանք ցանկանում են վերադառնալ, և ես դրան խորապես հավատում եմ, այն է, որ նրանք այլընտրանք չունեն», - նշել է ԱՄՆ նախագահը:
Ինչպես նկատում է աղբյուրը, Նեթանյահուն այս ամենը լսել է ժպիտը դեմքին: Նա Թրամփին նկարագրել է որպես «Սպիտակ տանը Իսրայելի երբևէ ունեցած ամենամեծ բարեկամը»: Իսրայելի առաջնորդն ասել է, որ «մենք պետք է ավարտենք գործը Գազայում», և «Իսրայելը կավարտի պատերազմը հաղթանակով»: Նեթանյահուն գովաբանել է Թրամփին «նոր գաղափարներով շրջանակից դուրս մտածելու» համար։