
Եմենում ԱՄՆ դեսպանատությունը հայտարարել է, որ հութիներն «առևանգել են Eternity C նավի անձնակազմի ողջ մնացած անդամներին» և կոչ է արել նրանց անհապաղ ազատ արձակել։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Հութիները շարունակում են ապացուցել, որ ԱՄՆ-ն ճիշտ էր՝ իրենց դասակարգելով որպես ահաբեկչական կազմակերպություն», - նշվել է դեսպանության հաղորդագրության մեջ։
Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Eternity C նավը հուլիսի 7-ին հարձակման է ենթարկվել Եմենի Հոդեյդա նավահանգստից մոտ 90 կմ հարավ-արևմուտք։
Reuters-ի տվյալներով՝ նավի վրա եղել է 25 մարդ: Նրանցից 4-ը հարձակման հետևանքով մահացել են։ Եվրոպական Aspides ծովային առաքելության անդամները փրկել են անձնակազմի 6 անդամի, մնացածն անհետ կորած են համարվում։
Հութիները հայտարարել են, որ հարձակվել են Eternity C նավի վրա, քանի որ այն ուղևորվում էր դեպի Իսրայել, և որ անձնակազմի անդամներին տեղափոխել են «անվտանգ վայր»։
Սա երկրորդ նավն է, որը հութիների կողմից խորտակվում է մեկ շաբաթվա ընթացքում։ Ավելի վաղ հութիները հայտարարել էին Magic Seas նավի խորտակման մասին որը, նրանց պնդմամբ, «պատկանում էր մի ընկերության, որը խախտել էր օկուպացված Պաղեստինի նավահանգիստներ մուտք գործելու արգելքը»։