ԱՄՆ-ն կոչ է անում վերսկսել քրդական նավթի արտա...

ԱՄՆ-ն կոչ է անում վերսկսել քրդական նավթի արտահանումն Իրաք-Թուրքիա խողովակաշարի միջոցով՝ դրա շարունակական փակումը որակելով որպես «անընդունելի»։ Այս մասին Rudaw-ին հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

«Կարևոր է, որ Իրաքի կառավարությունը, Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը և մյուս ներգրավված կողմերը շտապ վերսկսեն Իրաք-Թուրքիա խողովակաշարի գործունեությունը», - ընդգծել է խոսնակը՝ հավելելով, որ փակումը «ուղղակիորեն վնասում է ամերիկյան երեք ընկերությունների բիզնեսին»։

«Սա անընդունելի է։ Մենք բազմիցս կոչ ենք արել բոլոր կողմերին լուծել իրենց խնդիրները և չենք ընդունի անորոշ ժամանակով հետաձգում», - շեշտել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Իրաք-Թուրքիա խողովակաշարը «ապահովում է կարևոր այլընտրանքային ուղի նավթի համաշխարհային շուկաներ հասնելու համար»՝ օգուտ բերելով ինչպես Իրաքի, այնպես էլ Քրդստանի տարածաշրջանի տնտեսություններին, «ինչպես նաև այնտեղ գործող ամերիկյան ընկերություններին»։

«Այս հարցը պետք է լուծվի, և շուտ», - եզրափակել է խոսնակը։

Քրդստանի տարածաշրջանից Իրաք-Թուրքիա խողովակաշարով նավթի արտահանումը կասեցվել է 2023 թվականի մարտից՝ Փարիզի արբիտրաժային դատարանի որոշման հիման վրա, որը պարզել էր, որ Թուրքիան խախտել է 1973 թվականի խողովակաշարի համաձայնագիրը՝ թույլ տալով Էրբիլին նավթ արտահանել առանց Բաղդադի հաստատման։

Քրդստանի տարածաշրջանի վարչապետ Մասուր Բարզանին նախորդ շաբաթ հայտարարել է, որ արտահանման կասեցումը ավելի քան 25 միլիարդ դոլարի կորստի է հանգեցրել։