ԱՄՆ-ն կհետևի Կամբոջայի և Թաիլանդի միջև հրադադ...

Միացյալ Նահանգները համաձայնել է հետևել Կամբոջայի և Թաիլանդի միջև հրադադարի ռեժիմին, ինչպես նաև  նպաստել դրա պահպանմանը: Այս մասին հայտարարել է Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո:

«Թրամփը համաձայնել է, որ Միացյալ Նահանգները մասնակցի հրադադարի ռեժիմի մոնիթորինգին և աջակցի դրա պահպանմանը», -  մեջբերում է Կամբոջայի վարչապետի խոսքը Kyodo լրատվական գործակալությունը:

Հուլիսի 29-ին ավելի վաղ թաիլանդական բանակը Կամբոջային մեղադրել է հրադադարի ռեժիմի խախտման մեջ՝ հայտարարելով սահմանին նոր փոխհրաձգության մասին, որը «հրահրվել է կամբոջական կողմից»: Ավելի ուշ Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Փումթհամ Վեչայաչայը հայտարարել է, որ սահմանին իրավիճակը հանգիստ է:

Մալայզիայի կառավարության ղեկավար Անվար Իբրահիմն ավելի վաղ հյուրընկալել էր կողմերի բանակցությունները, որից հետո հայտարարել ասիական երկրների միջև հրադադարի մասին: Բանակցություններին ներկա են եղել նաև ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչները։ 

Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանամերձ տարածքում հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել հուլիսի լույս 29-ի կեսգիշերին՝ հինգօրյա ռազմական բախումներից հետո, որոնք ավելի քան 30 մարդու կյանք են խլել, այդ թվում՝ խաղաղ բնակիչների: Ավելի քան 300 000 մարդ տեղահանվել է։