ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում հարվածներ է հասցրել ե...

ԱՄՆ զինվորականները հայտնել են, որ կետային հարվածներ են հասցրել Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում գտնվող երկու նավի, որոնք, ենթադրաբար, թմրանյութեր էին փոխադրում։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը:

«Դեկտեմբերի 18-ին պատերազմի նախարար Հեգսեթի հրահանգով Southern Spear (Հարավային նիզակ) միացյալ օպերատիվ խումբը մահացու կինետիկ հարվածներ է հասցրել միջազգային ջրերում երկու նավի, որոնք կառավարվում են ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների կողմից», - հայտարարել է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը։

Նշվում է, որ զոհվել է հինգ մարդ։

«ԱՄՆ-ի զինծառայողներից ոչ ոք չի տուժել», - հաղորդել է հրամանատարությունը։

Սա արդեն շաբաթվա ընթացքում ամերիկացի զինծառայողների երրորդ գրոհն է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող նավերի վրա։

Սեպտեմբերից ի վեր Խաղաղ օվկիանոսում և Կարիբյան ծովում հարվածների է ենթարկվել շուրջ 30 նավ, որոնք Միացյալ Նահանգների կողմից կասկածվում էին թմրանյութեր փոխադրելու համար։ Այս հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը։