
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն օգտագործում է իր հնարավորություններն ուշադիր հետևելու Իրանի միջուկային ծրագրի գործունեությանը, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին։
«Թրամփի վարչակազմն օգտագործում է իր հնարավորություններն ուշադիր հետևելու Իրանի միջուկային ծրագրին», - ասել է հեռուստաալիքի աղբյուրը։ Նա նշել է, որ ԱՄՆ ղեկավարությունը հասկանում է, որ Իրանի միջուկային ծրագիրը «զարգանում է հնարավորությունների և գիտելիքների առումով»։
Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ բանակցությունների հինգերորդ փուլը։ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին, որը միջնորդում է կողմերի միջև, հայտնել է «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթացի» հասնելու մասին։
Հունիսի 1-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևվիթը հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆն Իրանի իշխանություններին է ուղարկել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «մանրամասն և ընդունելի առաջարկ»։ Axios պորտալի փոխանցմամբ՝ այն նախատեսում է, որ Իրանը կկարողանա շարունակել ուրանի հարստացումը ցածր մակարդակներով՝ ավելի ուշ որոշվող ժամանակահատվածում։ Երկուշաբթի օրը Reuters-ը, հղում անելով իրանցի դիվանագետի, հաղորդել է, որ Թեհրանը մտադիր է մերժել ԱՄՆ առաջարկը, քանի որ այն «ակնհայտորեն անիրագործելի է»։