ԱՄՆ-ն հազարավոր փաստաթղթեր կուսումնասիրի՝ Բայ...

Սպիտակ տունը մտադիր է ուսումնասիրել տասնյակ հազարավոր փաստաթղթեր և հետաքննել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից ավտոմատ ստորագրության սարքի օգտագործման հանգամանքը։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Fox News-ի տեղեկություններով՝ հետաքննությունը գլխավորում է Սպիտակ տան իրավախորհրդատվական աշխատակազմը, իսկ նրա աշխատակիցներն իրենց գործողությունները համակարգում են Արդարադատության նախարարության հետ։ Ազգային արխիվների և փաստաթղթերի վարչությունն արդեն տասնյակ հազարավոր փաստաթղթեր է փոխանցել նրանց, որպեսզի ուսումնասիրեն ավտոգրիչի օգտագործման հետ կապված հարցերը։ Սպիտակ տունը նախատեսում է վերլուծել մինչև մեկ միլիոն փաստաթուղթ, ներառյալ նախկին վարչակազմի ծառայողական նամակագրությունը։ Դրանց արդյունքում կպարզվի, արդյոք ձեռնարկվել են ավտոստորագրության օգտագործման անվտանգության ապահովման քայլեր, թե ոչ։ «[Սպիտակ տունը ուսումնասիրում է], թե նախկին նախագահը որ դեպքերում է ինքնուրույն հրահանգ տվել, իսկ որ դեպքերում՝ ոչ։ Ավտոմատ ստորագրության սարքի օգտագործումն օրինական է միայն այն դեպքում, երբ նախագահը հայտնել է, որ ցանկանում է ձեռնարկել որևէ գործողություն, կամ երբ նրա հաստատումը ստացվել է», — հեռուստաալիքին հայտնել է անանուն ամերիկացի պաշտոնյա։

Սպիտակ տունը՝ Դոնալդ Թրամփի օրոք, մտադիր է պատասխաններ գտնել ամերիկացի քաղաքացիների բազմաթիվ հարցերին այն մասին, թե ինչպես են ընթացել գործերը Սպիտակ տանը Բայդենի օրոք։ Այս մասին Fox News-ին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նա նշել է, որ Բայդենը, լինելով «երկրի պատմության մեջ ամենաանգործունակ և թույլ նախագահը», փաստացի «նախագահական լիազորությունները փոխանցել է ավտոգրչին», որը վերահսկվում է Սպիտակ տան աշխատակիցների կողմից։

Fox News-ը հիշեցնում է, որ ավտոստորագրությունը առկա է եղել նաև նախագահ Բայդենի պաշտոնավարման վերջում արձակված ներման հրամանագրերում։ Այդ բոլոր ներումներից ամերիկյան նախկին վարչակազմի ղեկավարն անձամբ ստորագրել է միայն մեկը, որը վերաբերել է նրա որդուն՝ Հանթերին։