Միացյալ Նահանգները ոչնչացրել է եմենյան «Անսար Ալլահ» շարժմանը պատկանող 11 անօդաչու թռչող սարք։
Այդ մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։
«ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ուժերը հաջողությամբ ոչնչացրել են երեք անօդաչու թռչող սարքեր, որոնք արձակվել են Եմենի՝ հութիների վերահսկողության ներքո գտնվող տարածքներից»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրամանատարությունը հրապարակել է X սոցիալական ցանցի էջում:
Հրամանատարությունը նաև հաղորդել է, որ ինքնապաշտպանության նպատակով ոչնչացրել է հութիներին պատկանող ևս ութ անօդաչու թռչող սարք:
Նշվում է, որ անօդաչուները թիրախավորել էին ամերիկյան և միջազգային կոալիցիայի, ինչպես նաև առևտրային նավեր։
Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահը» հայտարարել է, որ հարձակումներ է իրականացնելու Իսրայելի տարածքի վրա և թույլ չի տա նրա հետ կապված նավերին անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև պաղեստինյան անկլավում գործողությունը չդադարի: 2023 թվականի նոյեմբերի կեսերից հութիները Կարմիր ծովում և Ադենի ծոցում հարձակվել են տասնյակ քաղաքացիական նավերի վրա։ Ի պատասխան «Անսար Ալլահի» գործողությունների՝ ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են միջազգային կոալիցիա ստեղծելու մասին և սկսել են Կարմիր ծովում նավարկության ազատության ապահովման և նավերի պաշտպանության գործողություն: