ԱՄՆ-ն Հարավային Կորեային խնդրում է միանալ նավ...

ԱՄՆ-ն Հարավային Կորեային կոչ է անում դառնալ գործընկեր՝ նավաշինության համաշխարհային շուկայում Չինաստանի աճող գերիշխանությանը հակազդելու հարցում։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Կորեայի Հանրապետության առևտրի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչ Չան Սոն Գիլը՝ ելույթ ունենալով պատգամավորներից մեկի կազմակերպած համաժողովում։

«ԱՄՆ-ն ճգնաժամային իրավիճակ է զգում նավաշինության համաշխարհային շուկայում Չինաստանի աճող մասնաբաժնի պատճառով և Կորեային դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր», - նշել է առևտրային քաղաքականության տնօրենը, փոխանցում է Reuters-ը։

Ըստ նրա, Վաշինգտոնը Սեուլից ակնկալում է Չինաստանին զսպելու քայլեր նաև տնտեսության այլ ոլորտներում՝ որպես նավաշինության ոլորտում երկկողմ համագործակցության «նախնական պայման»։ Նա մանրամասներ չի հստակեցրել, սակայն ընդգծել է, որ խոսքը հենց նավաշինության ոլորտում հնարավոր համագործակցության մասին է։

Չանը հավելել է, որ ԱՄՆ-ն նաև զսպվածություն է ցուցաբերել ոլորտային տուրքերի հնարավոր նվազեցման կամ վերացման վերաբերյալ, ներառյալ ավտոմեքենաների և պողպատի սակագները։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը Սեուլին առաջարկում է ավելացնել ամերիկյան էներգակիրների և գյուղատնտեսական արտադրանքի գնումները՝ փոխադարձ սակագների շուրջ բանակցությունների դիմաց, որոնք այժմ հասնում են 25%-ի։ Սակայն, ըստ Չանի, Հարավային Կորեայում այս հարցը զգալի քաղաքական զգայունություն է առաջացնում։

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, մեկնաբանելով այս հաղորդագրությունները, ընդգծել է, որ ցանկացած երկկողմ բանակցություն չպետք է վնաս հասցնի երրորդ երկրներին։ «Չինաստանը միշտ կողմ է, որ կողմերը տնտեսական և առևտրային հարցերը կարգավորեն երկխոսության և խորհրդակցությունների միջոցով, սակայն ոչ մի համաձայնագիր չպետք է շոշափի երրորդ կողմերի շահերը», - ասել է Մաոն լրագրողներին հերթական ճեպազրույցի ժամանակ։