ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան B-52 ռմբակ...

Հարավային Կորեան, Ճապոնիան և Միացյալ Նահանգներն ուրբաթ օրը համատեղ զորավարժություններ են անցկացրել միջազգային ջրերում՝ ամերիկյան B-52 ռազմավարական ռմբակոծիչի և դաշնակիցների կործանիչների մասնակցությամբ, հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է Reuters-ը։

Սա այս տարի Կորեական թերակղզում B-52H-ի ներգրավմամբ առաջին վարժանքն է։ Զորավարժություններն ուղղված են զսպման ամրապնդմանը՝ Հյուսիսային Կորեայի կողմից աճող միջուկային և հրթիռային սպառնալիքների ֆոնին, պարզաբանել են գերատեսչությունից։

Նույն օրը երեք երկրների պաշտպանության նախարարները Սեուլում անցկացրել են իրենց ամենամյա հանդիպումը։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նրանք հաստատել են սերտ եռակողմ փոխգործակցության կարևորությունը՝ անվտանգության հարցերի լուծման համար ինչպես Կորեական թերակղզում, այնպես էլ ընդհանուր առմամբ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

«Մենք ընդհանուր ճանապարհ ենք հարթում դեպի ապագա, ճանապարհ, որտեղ գործընկերությունը զարգանում է կանոնավոր և համառ շփումների շնորհիվ՝ կարողությունների զարգացումից մինչև պատասխանատվության բաշխում», - հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ Շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնն իր բացման խոսքում։

Ըստ նրա, Հյուսիսային Կորեան և Չինաստանը «աննախադեպ ռազմական հզորացում են իրականացնում» և հստակ ցուցադրում են իրենց շահերն առաջ մղելու մտադրությունը։ «Մեզ համար կարևոր է դա հաշվի առնել», - ընդգծել է գեներալ Քեյնը։