
Վաշինգտոնը գնահատել է հակառուսական պատժամիջոցների բոլոր բացասական հետևանքները, նույնիսկ նրանք, որոնք կարող են վնաս հասցնել հենց ԱՄՆ-ին: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։
«Նախագահն այն մարդը չէ, որն ընթացքից որոշումներ է կայացնում։ Սա հստակորեն հաշվի է առնվել հենց սկզբից։ Եվ մենք պատրաստ ենք անել այն, ինչն անհրաժեշտ է», - ասել է նա ճեպազրույցում։
Բրյուսի խոսքով՝ ամբողջ ազդեցությունը հաշվի կառնվի։ Նա շեշտել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ցանկությունն է խնդիրները լուծել դիվանագիտության միջոցով։
Հուլիսի 28-ին Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու համար հուլիսի 14-ին իր սահմանած 50-օրյա ժամկետը կրճատում է մինչև 10-12 օր։ Բանակցությունների ձախողման դեպքում նա պլանավորում է երկրորդային մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որոնք կտարածվեն նրա առևտրային գործընկերների վրա։