ԱՄՆ-ն ևս մեկ ավիակիր է ուղարկել Մերձավոր Արևե...

ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը՝ «Նիմից» միջուկային ավիակրի գլխավորությամբ, նախատեսվածից շուտ Մերձավոր Արևելք է ուղևորվում Հարավչինական ծովից: Այդ մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։

«Նիմից»-ը Հարավչինական ծովից դուրս է եկել հունիսի 16-ի առավոտյան և ուղևորվում է արևմուտք՝ Արաբական ծովի կողմը։ Ավիակիր խումբը պետք է փոխարիներ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Կառլ Վինսոն» ավիակիր խմբին, որն արդեն մի քանի ամիս է՝ տեղակայված է այնտեղ, սակայն «Նիմից»-ը ժամանակից շուտ է ուղևորվել Մերձավոր Արևելք, և երկու ավիակիր խմբերը տարածաշրջանում կլինեն նույն ընթացքում։ 

Fox News-ը նշում է, որ Միացյալ Նահանգները ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ նավեր է տեղափոխում Մերձավոր Արևելք՝ իրանական օբյեկտների վրա Իսրայելի գրոհների և Իրանի կողմից շարունակվող պատասխան հարվածների ֆոնին։

Ամերիկյան ՀՕՊ համակարգերը և ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրն Իսրայելին օգնել են խոցել հունիսի 13-ին Իրանից թռչող բալիստիկ հրթիռները, Fox News-ին հայտնել են ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք։

ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության Patriot և THAAD համակարգեր ունի Մերձավոր Արևելքում: ԱՄՆ ռազմածովային ուժերը նաև Միջերկրական ծովի արևմտյան մասից Միջերկրական ծովի արևելյան մաս են ուղարկել «Թոմաս Հադներ» էսկադրային ականակիրը, որը կարող է բալիստիկ հրթիռներ կալանել, Fox News-ին հայտնել են ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք: Աղբյուրները նշել են, որ ռազմածովային ուժերը հրաման են տվել ևս մեկ էսկադրային ականակիր առաջ շարժել տարածաշրջան, որպեսզի այն կարողանա գործի դրվել Սպիտակ տան հրահանգի դեպքում:

Բացի այդ, ամերիկյան կործանիչները պարեկում են Մերձավոր Արևելքի երկնքում՝ անձնակազմին և օբյեկտներին պաշտպանելու համար, իսկ տարածաշրջանում գտնվող ավիաբազաները լրացուցիչ նախազգուշական միջոցներ են ձեռնարկում, հայտնել են աղբյուրները:

Մերձավոր Արևելքում գտնվում է ԱՄՆ-ի շուրջ 40 000 զինծառայող, The Associated Press գործակալությանը հայտնել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը: