
Միացյալ Նահանգները և Եվրամիությունը համաձայնության են եկել այն հարցի շուրջ, որ ԱՄՆ ներմուծվող բոլոր եվրոպական ապրանքների վրա մաքսատուրքը կկազմի 15%, մինչդեռ ԵՄ-ն ամերիկյան ապրանքների վրա մաքսատուրքեր չի սահմանի։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Շոտլանդիայում Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո։
«Մենք համաձայնեցինք, որ մեքենաների և այլ ապրանքների տուրքերը կկազմեն 15%։ Նրանք [Եվրամիությունը] համաձայնեցին իրենց երկրները բացել [առևտրի համար] զրոյական սակագներով»,- Fox News-ի փոխանցմամբ, ասել է Թրամփը՝ ԵՄ հետ ձեռք բերված համաձայնությունն անվանելով «ամենախոշորը» պատմության մեջ։
ԱՄՆ ղեկավարը տեղեկացրել է նաև, որ ԵՄ երկրները համաձայնության են եկել մոտ ապագայում ամերիկյան կողմից գնել «մեծ քանակությամբ» զենք։ «Նրանք համաձայնել են գնել հսկայական քանակությամբ ռազմական տեխնիկա։ Մենք չգիտենք, թե որքան, բայց դա լավ նորություն է, քանի որ մենք արտադրում ենք աշխարհի լավագույն ռազմական տեխնիկան»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ խոսքը հարյուր միլիարդավոր ԱՄՆ դոլարներ արժեցող գործարքի մասին է։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստվում է 30 տոկոս մաքսատուրք սահմանել ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Այդ պայմաններում ԱՄՆ հետ նման համաձայնության հասնելը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը մեծ ձեռքբերում է անվանել։ «15 տոկոսը լավագույնն է, որ կարողացանք ստանալ»,- խոսելով գործարքի մասին՝ նշել է նա։
Reuters-ի փոխանցմամբ, Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ Եվրամիությունը պարտավորվել է երեք տարվա ընթացքում գնել 750 միլիարդ դոլարի ամերիկյան հեղուկ բնական գազ և միջուկային վառելիք։
«Այսօրվա համաձայնությունն անորոշ ժամանակներում ստեղծում է որոշակիություն, ապահովում է կայունություն և կանխատեսելիություն», - Շոտլանդիայից մեկնելուց առաջ լրագրողներին ասել է ֆոն դեր Լայենը։ Նա նաև հաստատել է, որ ԵՄ-ն ԱՄՆ-ին խոստացել է «մեծ ներդրումներ տվյալների կենտրոնների ստեղծման գործում»։