
ԱՄՆ-ն և Չինաստանը մինչև նոյեմբերի 10 հետաձգել են մաքսատուրքերի բարձրացման համար սահմանված վերջնաժամկետը՝ դրա լրանալուց ժամեր առաջ։ Համատեղ հայտարարության մեջ Պեկինը և Վաշինգտոնը նշել են, որ մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվում է ևս 90 օրով՝ սկսած օգոստոսի 12-ից։ Հայտարարության տեքստը հրապարակել է Սպիտակ տունը։
Մաքսատուրքերի բարձրացումը հետաձգելու շուրջ կողմերը փոխհամաձայնության են հասել Ստոկհոլմում մայիսին, հունիսին և հուլիսի վերջին տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է համապատասխան կատարողական հրամանագիրը։
Ըստ ձեռք բերված համաձայնության՝ ԱՄՆ-ն կշարունակի Չինաստանից ներմուծվող ապրանքների համար գանձել 30% մաքսատուրք, իսկ Չինաստանն ամերիկյան ապրանքների համար՝ 10% մաքսատուրք։
Համաձայնությունը կողմերին ավելի շատ ժամանակ կտա բանակցություններ վարել և փորձել լուծումներ գտնել առևտրի անհավասարակշռությունը վերացնելու համար։ Ըստ Սպիտակ տան՝ 2024 թվականին Չինաստանի հետ առևտրի դեֆիցիտը կազմել է գրեթե 300 միլիարդ դոլար։
Բանակցությունների նպատակն է ավելացնել ամերիկյան ապրանքների արտահանումը Չինաստան և հասցեագրել ազգային անվտանգության և տնտեսության հետ կապված հարցերը։