ԱՄՆ-ն երեխաները ստանում են ՔՈՎԻԴ 19-ի դեմ իրե...

«Ամերիկայի ձայն»-ը, հղում անելով «Reuters» լրատվական գործակալությանը, գրում է․

Երեքշաբթի օրը, հունիսի 21-ին Միացյալ Նահանգներում նորածին և մանկահասակ երեխաները սկսել են ստանալ ՔՈՎԻԴ 19-ի դեմ իրենց առաջին պատվաստանյութը, որը ներարկվում է ազդրերի կամ ձեռքերի շրջանում: Պատվաստումը ստանալու այս գործընթացը շատ երեխաների համար տեղի ունեցավ տեսախցիկների և նրանց ոգևորող դիմակավորված հանդիսատեսի առջև: 

Ըստ Սպիտակ տան ՔՈՎԻԴ 19-ի արձագանքման համակարգող Աշիշ Ջահայի, ԱՄՆ-ն արդեն սկսել է ՔՈՎԻԴ 19-ի դեմ պատվաստանյութերի ներարկումը վեց ամսական երեխաների համար, որի հասանելիությունը առաջիկա օրերին ավելի կբարելավվի:

Վաշինգտոնի մանկական ազգային հիվանդանոցի հետազոտական համալսարանում երեխաները նստած էին իրենց ծնողների գրկում՝ փուչիկներով զարդարված կարմիր աթոռների վրա: Ներկաները յուրաքանչյուր երեխայի պարգևատրում էին կպչուն պիտակներով կամ վարժեցրած շանը շոյելու հնարավորությամբ: Մթնոլորտը հիմնականում տոնական էր: Չնայած նրան, որ կային արցունքներ, երեխաների ծնողները հայտնում են, որ իրենք հանգիստ էին։

«Kaiser Family Foundation»-ի կողմից մայիսին հրապարակած հարցումը ցույց է տվել, որ հինգ տարեկանից փոքր երեխա ունեցող յուրաքանչյուր հինգերորդ ծնող ասում է, որ հնարավորության դեպքում մտադիր է երեխային «անմիջապես» պատվաստել:

Չինմայ Հեդջը՝ 14 ամսական դստեր հայրը, «Reuters»-ին Վաշինգտոնի մանկական ազգային հիվանդանոցից դուրս ասել է, որ երեքշաբթի օրը հիվանդանոցում առաջինը պատվաստվել է հենց իր դուստրը։

«Այժմ ամեն ինչ այլևս սթրեսային չէ, քանի որ նա պաշտպանված է», - ասել է Հեդջը, խոսելով հուլիսին իրենց ծրագրած ընտանեկան վերամիավորման մասին: ԱՄՆ կարգավորող մարմինները անցյալ շաբաթվա վերջին թույլատրել էին «Moderna»-ի երկու պատվաստման չափաբաժինները վեց ամսականից մինչև հինգ տարեկան երեխաների համար, իսկ «Pfizer-BioNTech»-ի երեք պատվաստման չափաբաժինները՝ վեց ամսականից մինչև չորս տարեկան երեխաների համար:

Հարկ է նաև նշել, որ ըստ «Reuters» լրատվականի, վերջին օրերին «Moderna» ընկերությունը աշխատում է և՛ գրիպի և՛ ՔՈՎԻԴ 19-ի դեմ օգտագործվող նոր պատվաստանյութի վրա:

Սա նշականում է, որ մարդիկ շուտով հնարավորություն կունենան ստանալ միայն մեկ պատվաստանյութ, որը կգործի երկու հիվանդությունների դեմ: «Moderna»-ն հույս ունի սկսել պատվաստանյութի ներդրումը Ավստրալիայում հաջորդ ձմռանը: Նյութը պատրաստված է «Reuters» լրատվականի հոդվածների հիման վրա: