Ֆրանսիայի արտգործնախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հետ զրույցում բացառել է ԱՄՆ ռազմական գործողության հնարավորությունը Գրենլանդիայում։ Այս մասին Բարոն ասել է France Inter ռադիոկայանի եթերում։
«Ես հեռախոսով զրույցել եմ պետքարտուղարի՝ ԱՄՆ դիվանագիտության ղեկավարի հետ, նա հաստատել է, որ դա ԱՄՆ-ի կողմից ընտրված ուղեգիծը չէ», - ասել է Բարոն։
Նրա խոսքով՝ Ռուբիոն «բացառել է հնարավորությունը, որ Գրենլանդիայում կարող է տեղի ունենալ այն, ինչ հենց նոր տեղի ունեցավ Վենեսուելայում»։
Ֆրանսիայի արտգործնախարարը կարծիք է հայտնել, որ «ՆԱՏՕ-ի մի երկրի հարձակումը մյուսի վրա իմաստ չէր ունենա»։
«Դա կհակասեր ԱՄՆ շահերին», - հավելել է դիվանագետը։
Բարոն վստահություն է հայտնել, որ «Գրենլանդիան Եվրոպայի տարածք է, որն այդպիսին էլ կմնա»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմի բարձրաստիճան անդամները հրապարակային հայտարարություններում չեն բացառում ռազմական ուժի կիրառումը՝ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։



