ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն բեռնաթափում է նավթն իր կալանած «Մարիներա» լցանավից, որը նավարկում էր ռուսական դրոշի ներքո։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Մենք կալանել ենք նավը, և հենց հիմա դրանից բեռնաթափում են նավթը», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին՝ արդյոք լցանավի կալանումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է իրեն։
«Ես չեմ ցանկանում այդ մասին խոսել», - ասել է Թրամփը։
Լրագրողի այն դիտարկմանը, թե լցանավի կալանման որոշումը եղել է դժվար, Թրամփը պատասխանել է. «Ես չեմ համարում, թե դա դժվար որոշում էր»:
ԱՄՆ ռազմածովային ուժերն Ատլանտյան օվկիանոսում «Marinera» լցանավ են բարձրացել հունվարի 7-ին. մինչ այդ նավի հետ կապը կորել էր։ Լցանավն առնչություն ունի Վենեսուելայի հետ. այն դեկտեմբերի 24-ին ստացել էր Ռուսաստանի դրոշի ներքո նավարկելու ժամանակավոր թույլտվություն։ ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարության պնդմամբ՝ նավը կալանվել է ամերիկյան պատժամիջոցները խախտելու համար:
ՌԴ արտգործնախարարությունը լցանավի գրավումն ամերիկյան ուժերի կողմից անվանել է միջազգային ծովային իրավունքի լուրջ խախտում և Վաշինգտոնին կոչ է արել վերադառնալ միջազգային նավագնացության նորմերի և սկզբունքների պահպանմանը։



