
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն անօրինական ներգաղթյալների զանգվածային արտաքսման ներկայիս տեմպերը կկարողանա պահպանել ոչ ավելի, քան 60 օր, քանի որ հատկացված միջոցներն սպառվում են: Այս մասին մարտի 12-ին CNN-ին տված հարցազրույցում ասել է Ներկայացուցիչների պալատի բյուջետային ենթահանձնաժողովի ղեկավար Մարկ Ամոդեյը:
«Մենք մոտենում ենք այն պահին, երբ միջոցներն սպառվելու են: Առանց լրացուցիչ ռեսուրսների անհնար է գործողությունները պահպանել ներկայիս մակարդակի վրա», - ասել է Ամոդեյը՝ պարզաբանելով, որ ներկա տեմպերով ֆինանսավորումը կսպառվի մոտավորապես երկու ամիս անց:
Նա նշել է, որ արտաքսված միգրանտներին պահելու համար հատկացված 45 000 տեղն արդեն ամբողջությամբ լրացվել է, և համակարգն անօրինական ներգաղթյալների հոսքերի հետ կապված աշխատանքը բավարար արագությամբ չի հասցնում իրականացնել։
Այժմ, Ամոդեյի խոսքով, Հանրապետական կուսակցության ղեկավարությունը պետք է որոշի, թե ինչպես գործել հետագայում՝ կա՛մ առաջիկայում լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել, կա՛մ արտաքսման ծախսերի հարցը ներառել Թրամփի օրակարգի հետ կապված ավելի ընդգրկուն օրինագծի մեջ, որը Կոնգրեսի կողմից կարող է քննարկվել առաջիկա ամիսներին: