
ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Գազայի մարդասիրական հիմնադրամի համար 30 միլիոն դոլարի ֆինանսավորումը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ հունիսի 26-ին Պետքարտուղարությունը նաև կոչ է արել այլ երկրներին նույնպես աջակցել պատերազմից տուժած Գազային։
«Այս աջակցությունը պարզապես նախագահ Թրամփի և պետքարտուղար Ռուբիոյի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտման վերջին դրսևորումն է», - լրագրողներին հայտնել է Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Թոմի Պիգոթը հերթական ճեպազրույցի ժամանակ։
«Մենք հաստատել ենք 30 միլիոն դոլարի հատկացում Գազայի մարդասիրական հիմնադրամի համար և կոչ ենք անում մյուս երկրներին նույնպես աջակցել հիմնադրամին», - ասել է նա։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Ջոնի Մուրը, որը Թրամփի առաջին վարչակազմում Սպիտակ տանը զբաղեցնում էր խորհրդականի պաշտոն, հունիսի 26-ին X-ում գրառման մեջ նշել է, որ մայիսին իր գործունեությունը սկսելուց ի վեր Գազայի բնակիչներին ավելի քան 46 միլիոն չափաբաժին սնունդ է մատակարարվել։
Մայիսի վերջից Իսրայելը, Միացյալ Նահանգների աջակցությամբ, սկսել է իրականացնել Գազայի հատվածի բնակչությանն օգնություն տրամադրելու նոր ծրագիր, որը ենթադրում է, որ Գազայի մարդասիրական հիմնադրամը փաստացի մենաշնորհ ունի բաշխման կենտրոնների ստեղծման և սննդի ու առաջին անհրաժեշտության ապրանքների բաշխման հարցում:
Ծրագրի համաձայն՝ Գազայի հատվածում օգնություն տրամադրող բոլոր միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործողները, այսուհետ կկարողանան օգնություն տրամադրել միայն այս հիմնադրամի միջոցով: ՄԱԿ-ի կազմակերպությունները դատապարտել են ծրագիրը, քանի որ դրա իրականացման նպատակը բաշխման կենտրոնները Գազայի հարավում մարտական գործողություններից զերծ «անվտանգության գոտիներում» տեղակայելն է, ինչը կարող է հանգեցնել անկլավի բնակիչների հարկադիր տեղահանման:
Պաղեստինյան աղբյուրների տեղեկացմամբ՝ օգնության բաշխման կենտրոնները պաղեստինցիների համար վերածվել են «մահվան թակարդների», որոնք իսրայելական բանակի մշտական թիրախում են։ Գազայի կառավարությունը հայտարարել է, որ մոտ մեկ ամսվա ընթացքում օգնության կենտրոնների մոտ զոհերի թիվը գերազանցել է 500-ը։