
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը օգոստոսին կայցելի Թայվան։ Այն կգլխավորի Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ Ռոջեր Ուիքերը (հանրապետական, Միսսիսիպի), հաղորդում է Financial Times-ը (FT)՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ հանդիպումը կկայանա «դժվարին ժամանակներում» և այն պայմաններում, երբ Թայվանը չի կարողացել առևտրային գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ և նրա նկատմամբ կարող են շատ բարձր մաքսատուրքեր սահմանվել։
Պարբերականը նշում է, որ Ուիքերի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, որ Թայվանի վարչակազմի ղեկավար Լայ Ցինդեն նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ԱՄՆ՝ Պարագվայ, Գվատեմալա և Բելիզ այցելության շրջանակներում։ Արևմտյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ այցը չեղարկվել կամ հետաձգվել է այն բանից հետո, երբ Թայվանը չի կարողացել ստանալ ԱՄՆ-ի հավանությունը, քանի որ ամերիկյան վարչակազմը մտավախություն ունի, որ դա կարող է խոչընդոտել Չինաստանի հետ առևտրային բանակցություններին։
ԱՄՆ-ն Թայվանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 1979 թվականին և հաստատել է դրանք Չինաստանի հետ։ Չնայած «Մեկ Չինաստան» քաղաքականությանը՝ Վաշինգտոնը շարունակում է կապեր պահպանել Թայպեյի վարչակազմի հետ։ ԱՄՆ-ն Թայվանի համար զենքի գլխավոր մատակարարն է։ Չինաստանի Արտաքին գործերի նախարարության գնահատմամբ՝ վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ի կողմից կղզուն տրամադրված ռազմական մատակարարումների ընդհանուր արժեքը գերազանցել է 70 միլիարդ դոլարը։
Թայվանը ղեկավարվում է սեփական վարչակազմով 1949 թվականից, երբ այնտեղ ապաստան են գտել Չանգ Կայշիի (1887-1975) գլխավորած Գոմինդանի ուժերի մնացորդները, որոնք պարտություն են կրել Չինաստանի քաղաքացիական պատերազմում։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նահանգներից։