Ամերիկյան հրթիռային «Մայքլ Մերֆի» էսկադրային ականակիրը, որը մտնում է «Աբրահամ Լինքոլն» ավիակրի հարվածային խմբի կազմի մեջ, կարճատև մուտք է կատարել Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրայի նավահանգիստ, որը գտնվում է Օմանի ծոցում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Marine Traffic ռեսուրսի տվյալները։
Մուտքը տեղի է ունեցել փետրվարի 9-ին։ Էսկադրային ականակիրը նավահանգստում մնացել է շուրջ 10 ժամ, որից հետո դուրս է եկել ծով։
Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) դեռևս չի մեկնաբանել նավի մուտքը ԱՄԷ։
Հրամանատարության տվյալներով՝ ամերիկյան ավիակիրների հարվածային խումբը՝ «Աբրահամ Լինքոլն» ավիակրի գլխավորությամբ, շարունակում է նավարկել Արաբական ծովի շրջանում՝ իրականացնելով տախտակամածային ավիացիայի թռիչքներ։
Ավիակիրների հարվածային խմբի մեջ մտնում են «Սփրուանս», «Մայքլ Մերֆի» և «Ֆրենկ Փիթերսեն» էսկադրային ականակիրները, որոնք հանդերձված են գործողության 1600 կմ հեռահարությամբ Tomahawk թևավոր հրթիռներով։
CENTCOM-ի տվյալներով՝ ներկայում ավիակիրը գտնվում է Իրանի ափերից 500 մղոն (800 կմ) հեռավորության վրա։
Նաև հաղորդվել է, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել հինգերորդ սերնդի վեց F-35A Lightning II «ստելս» կործանիչից բաղկացած ևս մեկ խումբ:



