ԱՄՆ-Իրան հակամարտությունում Հայաստանը պետք է...

«Կարծում եմ սա իրատեսական չէ, քանի որ այսօր Իրանը տարածաշրջանային շատ հզոր պետություն է, որի զինանոցում կան բոլոր տեսակի զենքերը` բացառությամբ միջուկային զենքի, և Իրանին հարվածելը ռազմական առումով կործանարար կարող է լինել ԱՄՆ-ի համար, իրենք էլ դա շատ լավ հասկանում են: Պարզապես քաղաքականության մեջ հռետորաբնությունն այլ բան է, իրականությունը` այլ բան: ԱՄՆ նախագահ Թրամփի թիմի բազան հաճախ նման հռոտորաբնություն է տարածում, թե կարող են հարվածել Իրանին, սակայն վերջերս էլ Թրամփը հայտարարեց, որ չեն պատրաստվում Իրանի դեմ պատերազմ սկսել: Սա ռազմական հռետորաբնություն է, որի նպատակը հակառակորդին ահաբեկելն է»,- այս մասին Politik.am-ին ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը` բացառելով այն վարկածը, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության աճի մթնոլորտում հնարավոր է ԱՄՆ-ն անգամ Իրանին հրթիռային հարվածներ հասցնի: 

Հարցին, թե ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող է այս հակամարտությունը ունենալ Հայաստանի վրա, Վարդանյանը պատասխանեց, որ Հայաստանի չեզոք գործելակերպի դեպքում կարող ենք զերծ մնալ որևէ ազդեցությունից.

«Հայաստանը այս հակամարտության մեջ անելիք չունի, քանի որ նույնիսկ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները` Չինաստանը, Եվրամիությունը, Ռուսաստանը չեն կարողանում ազդել ԱՄՆ-ի վրա: Խնդիրը մեր մասշտաբի հարց չէ, այնպես որ` պետք է բացարձակապես չեզոք մնալ, նույնիսկ հայտատարություն անելը խրախուսելի չէ: Ինչո՞ւ ներգրավել մի կոնֆլիկտի մեջ, երբ երկու կողմերն էլ` Իրանն ու ԱՄՆ-ը, Հայաստանի բարեկամ երկրներ են»,- ասաց նա: