ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են սկսվել առ...

Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները կարող են մեկնարկել արդեն հաջորդ շաբաթ։ Ինչպես տեղեկացնում է USA Today պարբերականը, այս մասին Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ 

Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ բանակցությունների պայմանավորվածություն կա։ «Նրանք ցանկանում են խոսել»,- ասել է Թրամփը՝ հրաժարվելով հստակեցնել, թե երբ են տեղի ունենալու բանակցությունները։

Փոխարեն նրա բանագնաց Ուիթքոֆը լրագրողներին ասել է, որ հանդիպումը տեղի կունենա «շատ արագ, առաջիկա շաբաթվա ընթացքում կամ մոտավոր նման ժամանակահատվածում»։

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ՝ հարվածներ հասցնելով  միջուկային օբյեկտնրին ու ոչնչացնելով բարձրագույն ռազմական ղեկավարությանը։ Ի պատասխան՝ Իրանը հարձակում սկսեց Իսրայելի դեմ։ Միացյալ Նահանգները հակամարտության մեջ մտավ դրա սրացումից ինը օր անց՝ հունիսի 22-ի գիշերը հարվածելով իրանական երեք միջուկային օբյեկտներին։ Հունիսի 23-ի երեկոյան Թեհրանը հրթիռային հարված հասցրեց Մերձավոր Արևելքի ամենամեծ ամերիկյան ավիաբազային, որը գտնվում է Կատարում։ 

Փոխադարձ հարվածներից հետո կողմերը համաձայնության եկան հրադադարի շուրջ, որն ուժի մեջ մտավ հունիսի 24-ից։