ԱՄՆ-ից պատվիրակություն է ժամանել Հայաստան

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությանը, որը ժամանել է Հայաստան՝ քննարկելու TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղարության, ինչպես նաև Զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչները:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանություններին 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կազմակերպման համար և ընդգծել է գագաթնաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկի՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի հետևողական իրագործման կարևորությունը:

Կողմերը քննարկել և համաձայնեցրել են TRIPP-ի իրականացման հետ կապված գործառնական և իրավական բնույթի մի շարք հարցեր:

Մհեր Գրիգորյանը խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ շեշտելով տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությունը, ներուժը և հեռանկարները: