ԱՄՆ-ի Պետդեպարտամենտից պատասխանել են Մինսկի խ...

ԱՄՆ պետդեպարտամենտից պատասխանել են ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ ադրբեջանական կողմից հնչեցված  հայտարարությանն այն մասին, թե նման քայլերը «չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»։

Պետդեպարտամենտի հանրային կապերի գրասենյակի փոխխոսնակ Վեդանթ Պանտելը այս կապակցությամբ հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆիլիպ Ռիքերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել՝ ընդգծելու ԱՄՆ-ի  հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։

«Մենք հանձնառու ենք նպաստել  Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ երկխոսության զարգացմանը տարբեր մակարդակներում, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ համագործակցության միջոցով փորձելու ենք հասնել երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորման»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է որպես Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական։ 

ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ Ռիքերը միաժամանակ կատարելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթներն ու հանդես է գալու որպես Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող։

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Բլինքենի նշանակումն ու այդ քայլը որակել իբրև «տարածաշրջանում ստեղծված իրողություններից հեռու մոտեցում»: 

« Գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»,- նշել էր Աբդուլլաևան: