ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը թույլ է տալիս վերակեն...

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հավաստիացրել է, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև սակագների վերաբերյալ համաձայնագիրը «գիտակցված որոշում» է եղել, որը թույլ կտա խուսափել առևտրային պատերազմից և վերակենդանացնել ուժեղ և անկախ Եվրոպան՝ կենտրոնանալով միասնական շուկայի, մրցունակության, կայունության և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման վրա, հայտնում է Euronews-ը։

«Մեկ րոպե պատկերացնենք, եթե ժողովրդավարական աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները չկարողանային համաձայնության գալ և առևտրային պատերազմ սկսեին։ Դա տոնակատարություն կլիներ միայն Մոսկվայում և Պեկինում»,- նշել է նա։

Թրամփի վարչակազմի հետ գործարքը Եվրոպային նաև այլ առևտրային երաշխիքներ է տրամադրում, ասել է ֆոն դեր Լեյենը, սակայն վստահեցրել է, որ ԵՄ-ն ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտահանման շուկաները։

«Վերջերս մենք առևտրային համաձայնագրեր ենք կնքել Մեքսիկայի և ՄԵՐԿՈՍՈւՐ-ի (Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկա) հետ, խորացրել ենք Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի հետ մեր հարաբերությունները։ Մենք ավարտել ենք Ինդոնեզիայի հետ բանակցությունները և մտադիր ենք մինչև տարեվերջ համաձայնության գալ Հնդկաստանի հետ», - հիշեցրել է Եվրահանձնաժողովի նախագահը։