ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Իրաքում...

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան իր առաքելությունն Իրաքում կավարտի 2026 թվականի սեպտեմբերին։ Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա աս-Սուդանին BBC-ին տված հարցազրույցում։

«Միջազգային կոալիցիայի առաքելությունն Իրաքում կավարտվի 2026 թվականի սեպտեմբերին։ Մենք երկխոսություն ենք վարում կոալիցիայի երկրների հետ՝ անվտանգության ոլորտում երկկողմ հարաբերություններին անցում կատարելու համար», - հարցազրույցից հատված է մեջբերում Իրաքի լրատվական գործակալությունը (INA)։

«Մենք երկխոսության երկու փուլ անցկացրեցինք Միացյալ Նահանգների հետ Բաղդադում և Վաշինգտոնում, և մենք կանցկացնենք երրորդ փուլը՝ ձևավորելու անվտանգության հարաբերությունների ձևաչափը՝ սահմանադրությանը և օրենքին համապատասխան», - հավելել է նա։

Վարչապետի մամուլի գրասենյակի հայտարարության համաձայն՝ աս-Սուդանին, անդրադառնալով Իսրայելի և Իրանի միջև վերջերս տեղի ունեցած հակամարտությանը, նշել է, որ Իրաքը լավ հարաբերություններ է պահպանում Իրանի և Միացյալ Նահանգների հետ:

«Մենք լավ հարաբերություններ ունենք Իրանի և Միացյալ Նահանգների հետ, և երկուսն էլ գնահատում են Իրաքի կայունության և իրենց միջև լարվածության պայմաններում Իրաքին որևէ հակամարտության մեջ չներքաշելու կարևորությունը»,- ընդգծել է նա։

 Աս-Սուդանին մատնանշել է, որ «իսրայելական ռեժիմի կողմից Իրաքի օդային տարածքի խախտումն ինքնիշխանության և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է»:

«Մենք պաշտոնական բողոք ենք ներկայացրել Անվտանգության խորհրդին և դիվանագիտական ​​​​գործողություններ ձեռնարկել՝ մեր դիրքորոշումը պաշտպանելու համար», - պարզաբանել է նա՝ հավելելով, որ «պատերազմի ընդլայնումը կվնասեր Իրաքի անվտանգությանն ու կայունությանը, կազդեր էներգակիրների մատակարարման և տարածաշրջանի երկրներ նավթի արտահանման վրա»։ 

Աս-Սուդանիի խոսքով՝ «Իրանում ռեժիմի տապալման ուղղությամբ աշխատանքը լուրջ հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար»։ 

2014 թվականի ամռանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ) զինյալները գրավեցին Իրաքի տարածքի մոտ մեկ երրորդը: 2015 թվականին միջազգային կոալիցիայի աջակցությամբ Իրաքի կառավարական ուժերը սկսեցին լայնածավալ արշավ՝ ծայրահեղականների կողմից գրավված տարածքները ազատագրելու համար: 2017 թ. դեկտեմբերին Իրաքի կառավարությունը հայտարարեց ԻՊ-ի վերջնական պարտության մասին:

2021 թ. դեկտեմբերին Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնեց, որ միջազգային կոալիցիան ավարտել է իր զորքերը երկրից դուրս բերելու գործողությունը, բայց պահպանել է ներկայությունը ռազմական խորհրդականների մակարդակով։ 2024 թ․ սեպտեմբերին աս-Սուդանին ընդգծեց, որ այլևս անհրաժեշտություն չկա, որ ամերիկյան զորքերը մնան Իրաքում, և դրանց դուրսբերման ժամանակացույցը շուտով կհայտարարվի։