ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը հնարավոր է դարձնում պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունները, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային:
Վերջինս մեղադրել է Միացյալ Նահանգների և եվրոպական որոշ երկրների՝ հատկապես Գերմանիայի և Միացյալ Թագավորության շարունակական համապարփակ աջակցությունը՝ սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների դեմ իրականացվող ցեղասպանությունը հնարավոր դարձնելու համար։
Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ իսրայելական ռեժիմի անպատժելիությունը թույլ է տվել, որ նրա հանցագործությունները շարունակվեն առանց որևէ զսպման։ Նա նաև քննադատել է Միավորված ազգերի կազմակերպության և միջազգային այլ կառույցների անգործությունը՝ ռեժիմի գաղութատիրական և ծավալապաշտական քաղաքականության պայմաններում։
Անդրադառնալով Գազայում և Արևմտյան ափին պաղեստինցիների շարունակական սպանություններին, ինչպես նաև մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին, ներառյալ պաղեստինցի բանտարկյալների անօրինական կալանքն ու դաժան խոշտանգումները, Բաղային այդ գործողությունները որակել է որպես ցեղասպանության և Պաղեստինի գաղութային բնաջնջման լայնածավալ քաղաքականության մաս։
Նա ընդգծել է բոլոր կառավարությունների համատեղ պատասխանատվությունը՝ գործելու պաղեստինցի ժողովրդի դեմ ցեղասպանությունը դադարեցնելու և նրանց հողերի աճող բռնագրավումը կանխելու ուղղությամբ։
Բագային վերահաստատել է Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը՝ սատարելու պաղեստինցի ժողովրդի օրինական իրավունքները, հատկապես նրանց ինքնորոշման, օկուպացիայից ազատագրման և Ալ-Քուդս (Երուսաղեմ) մայրաքաղաքով անկախ պաղեստինյան պետության ստեղծման իրավունքը, հայտնում է «Ֆարս նյուզ»-ը:



