
ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև փոխադարձ մաքսատուրքերի սահմանումը վտանգ է ներկայացնում անդրատլանտյան բիզնեսի համար, որի պատճառած վնասները կարող են հասնել տարեկան 9,5 տրիլիոն դոլարի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԵՄ-ում Ամերիկայի առևտրի պալատի զեկույցը:
Պալատը, որի ավելի քան 160 անդամների մեջ են մտնում Apple-ը, ExxonMobil-ը և Visa-ն, իր տարեկան Անդրատլանտյան տնտեսության մասին զեկույցում ցույց է տվել հարաբերությունների խորացումը, որը 2024 թվականին հասել է ռեկորդային մակարդակի. ապրանքների և ծառայությունների առևտուրը կազմել է 2 տրիլլիոն դոլար։
Զեկույցում խոսվում է այն մասին, որ 2025 թվականը կարող է լինել ինչպես խոստումնալից հեռանկարների, այնպես էլ վտանգի տարի աշխարհի խոշորագույն առևտրային հարաբերությունների համար:
Անցած շաբաթվա ընթացքում Վաշինգտոնը մաքսատուրքեր է սահմանել պողպատի և ալյումինի նկատմամբ, իսկ ԵՄ-ն պատասխան քայլեր է մշակել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ԵՄ-ից ներմուծվող գինու և ոգելից խմիչքների համար 200% մաքսատուրքեր սահմանել:
Թրամփը քննադատել է ԵՄ-ի հետ առևտրային դեֆիցիտը, չնայած ծառայությունների ոլորտում կա առևտրային պրոֆիցիտ, և արտադրողներին հորդորել է ապրանքներ արտադրել ԱՄՆ-ում:
ԵՄ-ում Ամերիկայի առևտրի պալատը նախազգուշացրել է, որ առկա սերտ առևտրային հարաբերությունները կարող են մեծապես վնասվել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև առևտրային պատերազմի պատճառով։