ԱՄՆ-ի ավիակիրների թվաքանակը կկրճատվի

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ատոմային ավիակիրների թվաքանակը մարտին կկրճատվի՝ հասնելով 10-ի։ Այդ մասին վկայում են Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի (USNI) լրատվական ծառայության տվյալները։

Նշվում է, որ նավատորմի կազմից դուրս կբերվի ամենահին ամերիկյան ավիակիրը՝ USS Nimitz-ը: Ներկայում այն գտնվում է Վաշինգտոնի նահանգի Բրեմերթոն քաղաքի բազայում՝ շահագործումից հանելու և միջուկային վառելիքը դատարկելու նախապատրաստական ​​աշխատանքների փուլում։

Տարվա ընթացքում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը կունենան 10 ավիակիր՝ ավանդական 11-ի փոխարեն։ Սպասվում է, որ 2027 թ. մարտին ամերիկյան նավատորմի մարտական կազմը կհամալրի USS John F. Kennedy նորագույն ավիակիրը, որը, հունվարի վերջին դուրս գալով Վիրջինիա նահանգի Newport News Shipbuilding նավաշինարանից, արդեն անցկացրել է մեկշաբաթյա նավարկային փորձարկումները ծովում։

Ներկայում ծովում օպերատիվ առաջադրանքների շրջանակներում գտնվում է միայն երեք ամերիկյան ավիակիր՝ USS Gerald R. Ford-ը, որը երթևեկում է Կարիբյան ծովում, USS Abraham Lincoln-ը, որը տեղակայված է Իրանից դեպի հարավ գտնվող Արաբական ծովում, և USS Theodore Roosevelt-ը, որն անցած շաբաթ Սան Դիեգոյի բազայից դուրս է եկել Խաղաղ օվկիանոս։