ԱՄՆ «Հայաստան» հիմնադրամը 250 հազար դոլար կհա...

Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող «Հայաստան» հիմնադրամը, որը հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջազգային ցանցի անդամ, 250,000 ԱՄՆ դոլար կրթաթոշակային ֆոնդ է հատկացնում հայկական դպրոցների այն սաներին, որոնց ընտանիքները տուժել են Հարավային Կալիֆոռնիայի անտառային հրդեհներից։

Ինչպես տեղեկացնում է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած հաղորդագրությունը, գումարը կհատկացվի անտառային հրդեհներից տուժած ընտանիքների աշակերտների ուսման վարձի ծախսերը հոգալու համար։ Այս ծրագրի նպատակն է աջակցել հրդեհների պատճառով իրենց տունը կորցրած և ֆինանսական դժվարությունների առաջ կանգնած ընտանիքներին, որպեսզի նրանց երեխաները կարողանան շարունակել հաճախել հայկական դպրոցներ։

Միջոցներն առավել կարիքավորներին հասցնելու համար` Հիմնադրամն անմիջականորեն համագործակցում է տեղի հայկական դպրոցների հետ՝ ապահովելով աջակցության նպատակային և արդյունավետ բաշխումը տուժած ընտանիքների միջև:

«Այս ճգնաժամը լուրջ ազդեցություն է թողել մեր համայնքների վրա, ուստի մեր նպատակն է ուսման վարձի աջակցությամբ նվազեցնել ընտանիքների ֆինանսական բեռը և հնարավորություն տալ ուսանողներին առանց ընդհատման շարունակել կրթությունը», - նշել է ԱՄն «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմինը ջանք չի խնայում, որպեսզի ուսման վարձի աջակցությունը հասնի շահառուներին և միջոցները բաշխվեն առավել արդյունավետ կերպով։ Հիմնադրամը հավատարիմ է համայնքին աջակցելու իր հանձնառությանը և շարունակելու է հետևել իրադարձություններին, որպեսզի հրդեհներից տուժած երեխաները ստանան իրենց անհրաժեշտ աջակցությունը։