
Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջեւ սակագների պատերազմը կարող է տարեկան 9,5 տրլն դոլարով կրճատել անդրատլանտյան բիզնեսը: Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԵՄ-ում Ամերիկյան առեւտրի պալատի զեկույցին, որը հայտնվել է նրա տրամադրության տակ։ Նրա տեղեկացմամբ՝ 2024թ. ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ ապրանքների եւ ծառայությունների առեւտուրը հասել է ռեկորդային 2 տրլն դոլարի, սակայն պողպատի եւ ալյումինի վրա Վաշինգտոնի նոր մաքսատուրքերը, ինչպես նաեւ եվրոպական գինիների եւ այլ ալկոհոլային ապրանքների 200 տոկոս մաքսատուրքերի սպառնալիքները կարող են ոչնչացնել այս թափը։ Միեւնույն ժամանակ, անդրատլանտյան բիզնեսի հիմնական մասը բաղկացած է խոշոր կորպորացիաների օտարերկրյա մասնաճյուղերում ներդրումներից եւ վաճառքից: Գործակալությունը, հղում կատարելով զեկույցի գլխավոր հեղինակ Դենիել Հեմիլթոնին, նշել է, որ ներկորպորատիվ առեւտուրը, որը կազմում է իռլանդական արտահանման 90 տոկոսը եւ գերմանական արտահանման 60 տոկոսը, տուժելու է, որի հետեւանքը կտարածվի ծառայությունների եւ էներգիայի վրա, ներառյալ ԱՄՆ-ից ՀՊԳ մատակարարումները: Պալատի փորձագետները կասկածում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերի օգուտներին՝ կոչ անելով հաշվի առնել դրանց հակադարձ ազդեցությունը երկու տնտեսությունների վրա։Փետրվարի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 25 տոկոսի չափով մաքսատուրք սահմանել արտասահմանից երկիր պողպատի եւ ալյումինի բոլոր մատակարարումների համար։ Մարտի 12-ից ուժի մեջ մտած որոշումը վերաբերում է Արգենտինայից, Ավստրալիայից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Եվրոպական միությունից, Կանադայից, Մեքսիկայից, Հարավային Կորեայից եւ Ճապոնիայից մատակարարումների վրա։ Մարտի 4-ին ԱՄՆ վարչակազմը 25 տոկոս մաքսատուրքեր սահմանեց Կանադայից եւ Մեքսիկայից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների վրա, ինչպես նաեւ բարձրացրեց Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը 10-ից 20 տոկոսով։