ԱՄՆ դեսպանն ասել է միայն այն, ինչին համաձայնե...

Քաղաքագետ Բենիամնի Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱՄՆ դեսպանը, ով կարծում է, որ «Ղարաբաղի հայերը կարող են անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում», ապագայում որևէ պատասխանատվություն չի կրի Ղարաբաղի հայերի ցեղասպանության, Հայաստանում հայերի նոր ցեղասպանության համար։ Տիկին դիվանագետն առաջ է տանում իր երկրի շահերը, և պետք է ասել, որ դա անում է բարձր որակով և վստահությամբ։

Ամբողջ հարցն այն է, որ ԱՄՆ դեսպանը հայ հեռուստադիտողին ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» մասին  բանակցությունների իրական բովանդակությունը։ Ըստ այդ «խաղաղության պայմանագրի»՝ «Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխիքը պետք է լինի Ադրբեջանի սահմանադրության դրույթների ամբողջական պահպանումը»։ Սկսած 2022 թվականի հոկտեմբերից, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ողջ բանակցային գործընթացը հիմնված էր հայերին Ադրբեջանի սահմանադրության նորմերին ու Իլհամ Ալիևի քմահաճույքների  ենթարկեցնելու տրամաբանությանը։

Միացյալ Նահանգները երբեք երաշխիքներ չեն տվել, որ այլ կերպ կարող են ապահովել Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ Նման բան  չի եղել, իսկ «Բաքվի և Ստեփանակերտի միջև անվտանգության ապահովման և ուղիղ երկխոսության միջազգային մեխանիզմի» մասին բոլոր խոսակցությունները պարզապես վտանգավոր սոեր են։

ԱՄՆ դեսպանն ասել է միայն այն, ինչին համաձայնել է Նիկոլ Փաշինյանը: Ամերիկացիներին սատանայացնելն անիմաստ է, քանի որ նրանք պաշտպանում են իրենց շահերը՝ Ռուսաստանի վտարումը բոլոր հնարավոր  ազդեցության գոտիներից, և եթե դրա գինը պետք է լինի հայերի նոր ցեղասպանությունը, ապա այդ գինը կարելի է վճարել»։