
Բոստոնի դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Հարվարդի համալսարանում սովորելու կամ փոխանակման ծրագրերին մասնակցելու ցանկություն ունեցող օտարերկրյա քաղաքացիների ԱՄՆ մուտքն արգելելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Դատավոր Էլիսոն Բարոուզը կասեցրել է Թրամփի հռչակագրի ուժի մեջ մտնելը՝ մինչև հարցի վերաբերյալ հետագա դատավարությունը։
Դատավորի որոշման համաձայն՝ Թրամփի հրահանգը, որն արգելում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ առաջիկա վեց ամիսների ընթացքում Հարվարդում սովորելու համար, «անհապաղ և անդառնալի վնաս» կպատճառի, նախքան դատարանները հնարավորություն կունենան մանրամասն քննել գործը։
Մայիսին Բարոուզն արգելափակել էր ԱՄՆ որոշումն՝ արգելելու Հարվարդի համալսարանին ընդունել օտարերկրյա ուսանողների, որոնք կազմում են համալսարանի ուսանողական կազմի ավելի քան մեկ քառորդը։ Ժամանակավոր արգելքը թույլ չի տալիս կառավարությանը զրկել Հարվարդին իր հավաստագրից, որը համալսարանին իրավունք է տալիս ԱՄՆ-ում սովորելու համար ընդունել օտարերկրյա ուսանողների։ Հարվարդը հունիսի 5-ին փոփոխել է իր դատական հայցը՝ վիճարկելով նոր հրահանգը՝ պնդելով, որ Թրամփը խախտում է Բարոուզի որոշումը։
Օտարերկրյա ուսանողների ընդունելու Հարվարդի հավաստագիրը կասեցնելու որոշումը ԱՄՆ վարչակազմը բացատրել էր նրանով, որ համալսարանը չի կարող ապահովել հրեական ծագում ունեցող ուսանողների լիակատար անվտանգությունը պաղեստինամետ ակտիվիստների պատճառով, որոնք դեմ են Իսրայելի ռազմական գործողություններին Գազայի հատվածում։