Ամերիկյան զինվորականները հարվածներ են հասցրել...

Ամերիկյան զինվորականները հարվածներ են հասցրել իրանական ռադարին, ինչպես նաև Իրանի անօդաչու թռչող սարքերի վերահսկման կետերին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«CENTCOM-ը ինքնապաշտպանության նպատակով հարվածներ է հասցրել իրանական ռադարին, ինչպես նաև Գարուկում և Քեշմ կղզում գտնվող հրամանատարական և կառավարման կետերին»,- ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ։

CENTCOM-ի հայտարարության համաձայն՝ հարվածները հասցվել են մայիսի 30-ին և 31-ին և պատասխան են հանդիսացել այն բանին, որ Իրանը խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքը։

«Ամերիկյան կործանիչն օպերատիվորեն արձագանքել է՝ ոչնչացնելով իրանական ՀՕՊ-ը, վերգետնյա կառավարման կայանը և երկու կամիկաձե դրոն»,- հավելել են հրամանատարությունում։

Տեղի ունեցածի հետևանքով ամերիկացի զինվորականների շրջանում տուժածներ չկան։ CENTCOM-ի խոսքերով՝ հրամանատարությունը կշարունակի պաշտպանել ամերիկյան ակտիվներն ու շահերը շարունակվող զինադադարի ընթացքում։

ԻՀՊԿ-ն իր հերթին հայտարարել է, որ պատասխան հարված է հասցրել ամերիկյան այն ռազմաբազային, որտեղից գիշերը հարձակում էր իրականացվել իրանական կետերի վրա։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը։

«Ի պատասխան Հորմոզգան նահանգի Սիրիկ կղզում գտնվող հեռահաղորդակցության աշտարակի վրա ԱՄՆ բանակի վերջերս կատարած հարձակման, ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը հարված են հասցրել այն ավիաբազային, որտեղից իրականացվել էր հարձակումը»,- ԻՀՊԿ հայտարարությունն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։