Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ին «մի քանի ամերիկյան ռազմական ինքնաթիռ կործանվել է», և որ այդ ինքնաթիռների «անձնակազմի բոլոր անդամները ողջ են»։
Հայտարարությունն արվել է տարբեր լրատվամիջոցների կողմից տեսանյութի հրապարակումից հետո, որտեղ երևում է, թե ինչպես է Քուվեյթում հարված հասցվում կործանիչին, որի օդաչուն պարաշյուտով կարողանում է դուրս գալ օդանավից։
«Անմիջապես սկսել են որոնողական-փրկարարական գործողություններ», - CNN-ի փոխանցմամբ, ասվում է Քուվեյթի պաշտպանության նախարարության խոսնակ գնդապետ Սաիդ Ալ-Աթվանի հայտարարության մեջ։
«Անձնակազմերը տարհանվել են վթարի վայրերից և տեղափոխվել հիվանդանոց՝ նրանց վիճակը գնահատելու և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար», - ասել է խոսնակը՝ հավելելով, որ անձնակազմի անդամները գտնվում են «կայուն» վիճակում։
Ալ-Աթվանը նշել է նաև, որ Քուվեյթը գործողությունները համակարգում է ԱՄՆ իշխանությունների հետ։
Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից փետրվարի 28-ից սկսված հարձակումներից հետո Իրանը հայտարարել է, որ պատասխանելու է՝ հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքի երկրներում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին։ Արդեն իսկ հարվածներ են հասվել Քուվեյթում, Կատարում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Բահրեյնում, Օմանում։



