Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ «Հեզ...

Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ «Հեզբոլլահ» խմբավորման զինյալները կարող են գրոհներ իրականացնել ԱՄՆ տարածքում կամ ամերիկյան դիվանագետների դեմ արտասահմանում։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը՝ հղում կատարելով ԱՄՆ նախագահի վարչակազմում ունեցած չորս աղբյուրներին։

Պարբերականը գրել է, որ պաշտոնյաների կարծիքով՝ «Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումը սկսզբում հարված կհասցնի Մերձավոր Արեւելքում գտնվող ԱՄՆ ԶՈւ-ին»։ «ԱՄՆ հետախուզությունը տեղեկություններ է հավաքում «Հեզբոլլահի» մասին, որոնք մատնանշում են, որ նա դիտարկում է գրոհների իրականացումն ամերիկյան ԶՈւ-ի կամ դիվանագիտական աշխատակիցների դեմ»,- նշել է թերթը։

«Գրոհի հավանականությունն ավելանում է նաեւ տարածաշրջանում լարվածության թեժացմանը զուգընթաց»,- գրել է Politico-ն։ ԱՄՆ վարչակազմում առկա աղբյուրները, նշել է թերթը, չեն պարզաբանել, թե ինչ գրոհների մասին է խոսքը։ Ըստ նրանց՝ «Հեզբոլլահը» «լայն միջազգային ցանց ունի Միացյալ Նահանգներում գրոհներ իրականացնելու համար»։ Մերձավոր Արեւելքում այլ խմբավորումներ նման հնարավորություն չունեն։

Թերթն ընդգծել է, որ գրոհն ԱՄՆ տարածքի կամ ամերիկյան զինվորականների ու դիվանագետների դեմ արտասահմանում «հարված կլինի Բայդենի վարչակազմի համար»։ «Դա, հավանաբար, ԱՄՆ-ին հետ կբերի Մերձավոր Արեւելք այն ժամանակ, երբ նա փորձում է ռեսուրսները կենտրոնացնել ազգային անվտանգության ոլորտում՝ Չինաստանին եւ Ռուսաստանին դիմակայելու ուղղությամբ»,- գրել է Politico-ն։