Ամերիկան կրկին «մտրակելու» է Թուրքիային․ Վիկտ...

Ինչպես հայտնի է, օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը հնարավոր է Ս-400 համակարգերի նոր խմբաքանակ սկսի մատակարարել Թուրքիային։ Մասնավորապես, կարծես թե Մոսկվայի եւ Անկարայի միջեւ առկա է ձեւավորված մի մեխանիզմ, որով նման մատակարարումները հնարավոր է իրականացնել։ Հնարավոր նոր ռուս-թուրքական ռազմական մատակարարումների գործարքը չէր կարող վրիպել Միացյալ Նահանգների ուշադրությունից։ Եւ ահա, ԱՄՆ՝ Պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը անդրադարձել է այդ հարցին, պարզորոշ հայտարարելով, որ եթե նման բան լինի, այսինքն՝ ռուս-թուրքական ռազմական մատակարարումների նոր գործարք կնքվի, ապա Միացյալ Նահանգները նոր սանկցիաներ կսահմանի ընդդեմ Թուրքիայի։ «Մենք շարունակում ենք դեմ լինել այն բանին, որ Թուրքիան ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր է գնել ու տեղակայել։ Մենք հստակ հասկացրել ենք, որ ցանկացած սպառազինությունների նոր խոշորածավալ գնումները Ռուսաստանից կհանգեցնի հավելյալ սանկցիաների՝ ամերիկյան CAATSA օրենքի պահանջներին համապատասխան»։ Նուլանդը նաեւ ասել է, որ F-35-ները կշարունակեն անհասանելի մնալ ԱՄՆ համար։ Կոնգրեսի արտաքին գործերի կոմիտեում տեղի ունեցած լսումների ժամանակ, Նուլանդը հստակ հայտարարել է, որ Թուրքիայի դեմ նման վարքագծի շարունակման դեպքում հավելյալ սանկցիաների կիրառումը ոչ միայն իր, այլ նաեւ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պատկերացումներին է համահունչ եւ իրենք հավատարիմ են այդ գործելաոճին։ Ինչ է այս ամենը նշանակում։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները ամենայն հավանականությամբ կշարունակի առաջիկայում Թուրքիային ճնշելու, եւ որպես «մոլորյալ ոչխար»՝ «հայրենի փարախ» վերադարձնելու քաղաքականությունը։ Սա նաեւ նշանակում է, որ Թուրքիայի հանդեպ նոր սանկցիաները կարող են ծանրացնել այդ երկրի՝ առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Հիմա Թուրքիան փորձում է աֆղանական խաղաքարտը գործարկել եւ այն վաճառել ամերիկացիների վրա, սակայն դժվար է ասել, թե արդյոք այդ խաղաքարտը կլինի այնքան արժեքավոր, որ կարողանա դուրս բերել Թուրքիային, գոնե մասնակիորեն թեկուզ, այս բավական բարդ վիճակից, հատկապես եթե հաշվի առնենք, որ ամերիկյան էլիտայում նոր հակաթուրքական հզոր դաշինք է ձեւավորվում։ Բացի այդ, հասկանալի է, որ Անկարան ի վիճակի չէ միայնակ մինչեւ վերջ աֆղանական խաղաքարտը իր ձեռքում պահելու, քանի որ չափազանց շատ է այս ու այն կողմ խցկվել, իսկ թուրքական տնտեսության հնարավորությունները սպառվում են ու նեոօսմանական ու պանթյուրքիստական հովերը հնարավոր է այլեւս նյութատեխնիկական մասով «սնել» չկարողանա։ Այնպես որ, առաջիկայում Թուրքիային բավական բարդ ու ոչ միանշանակ ժամանակներ են սպասվում։ Կուլմինացիան թերեւս պետք է լինի այն, որ «մոլորյալ ոչխարը վերադառնա հայրենի փարախ»։